Երեւանում հարուցված քրեական գործերն` ըստ վարչական շրջանների
Ապրիլի 2-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ստացված հաղորդումներում մատնանշված հանգամանքներն ստուգելու արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ` մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքերի առթիվ, որոնցից 3-ը` Երեւանում, 3-ը` մարզերում:
Ստորեւ ներկայացնում ենք Երեւանում հարուցված քրեական գործերը` ըստ վարչական շրջանների.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 4/35 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ թիվ 4/35 ընտրատեղամասի ընտրող Ա.Նիկոյանը ապրիլի 2-ին գնացել է նշված ընտրատեղամաս եւ սահմանված կարգով մասնակցել քվեարկությանը: Որոշ ժամանակ անց` մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ, Ա.Նիկոյանը կրկին գնացել է նույն ընտրատեղամաս եւ գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրական հանձնաժողովի անդամին: Նույնականացնող սարքի ազդանշանն անմիջապես միացել է` վկայելով, որ ընտրողն արդեն մեկ անգամ մասնակցել է քվեարկությանը, ինչից հետո Ա.Նիկոյանը, թողնելով անձնագիրը, հեռացել է:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
2. ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 3/22 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Մ.Մարտիրոսյանը, թիվ 3/22 ընտրատեղամասում մասնակցած լինելով քվեարկությանը, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ կրկին գնացել է նույն ընտրատեղամաս, գրանցվելու համար անձնագիրը հանձնել նշված տեղամասի ընտրողների գրանցումն իրականացնող և սարքը սպասարկող հանձնաժողովի անդամին, ինչի ժամանակ էլ միացել է նույնականացնող սարքի ազդանշանը, որից հետո Մ.Մարտիրոսյանը հեռացել է ընտրատեղամասից:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
3. ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` թիվ 2/19 ընտրատեղամասում մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ:
Քննչական բաժնում ստացված հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ քաղաքացի Հ.Ղազարյանը ԱԺ ընտրություններին մասնակցելու համար 2017թ. ապրիլի 2-ին` ժամը 09:10-ի սահմաններում գնացել է 2/19 ընտրատեղամաս, սահմանված կարգով ստացել քվեաթերթիկները եւ մասնակցել քվեարկությանը: Որոշ ժամանակ անց նա նորից վերադարձել է ընտրատեղամաս, եւ նորից քվեարկությանը մասնակցելու համար հանձնաժողովի անդամին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն համապատասխան սարքի միջոցով անմիջապես պարզվել է, որ ընտրողն արդեն մեկ անգամ քվեարկել է:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու առիթ և հիմք` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` նշված դեպքերի բոլոր հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրենք լրացուցիչ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: