«Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործով՝ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Երևանի Տորք Անգեղ մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ չարաշահումների մի շարք հանգամանքներ: Պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախնական տվյալներով՝ նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, օժտված լինելով կարգադրիչ լիազորություններով և հանդիսանալով պաշտոնատար անձ, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016 թվականի հունվարի 3-ից մինչև 2019 թվականի օգոստոսի 14-ը կնոջը հրամանագրել է ՀՈԱԿ-ի տնտեսվարի, պարուսույցի, ապա նաև՝ գեղարվեստական մարզչի հաստիքներում, սակայն վերջինիս կողմից երբևիցե աշխատանքի չհաճախելու և աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում, իր կնիքով հաստատել է պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ կնոջ հաճախելիության վերաբերյալ կեղծ տեղեկություններով լրացված աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, որոնց հիման վրա՝ յուրացման եղանակով հափշտակվել է որպես աշխատավարձ դուրս գրված խոշոր չափերի գումար:
Բացի այդ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անվճար ուսուցման ծառայություններ մատուցելու փոխարեն, 2012 թվականից մինչև 2019 թվականի օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի տնօրենը կազմակերպել և իրականացրել է ապօրինի դրամահավաք՝ ՀՈԱԿ-ի մի շարք մարզիչների միջոցով սաներից վերցնելով ամսական վարձավճարներ: Ինչպես նաև՝ 2017թ. սեպտեմբերից մինչև 2019թ. օգոստոսի 14-ը ՀՈԱԿ-ի պահակների միջոցով կազմակերպությանը պատկանող կայանատեղիում կազմակերպել է կանոնադրությամբ չնախատեսված ձեռնարկատիրական գործունեություն՝ հարակից շենքերի բնակիչներից ավտոմեքենաները նշված տարածքում կայանելու դիմաց գանձելով գումարներ:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 314-րդ հոդվածով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում:
Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ, հարցաքննվել մի շարք անձինք: Նախաքննության ընթացքում նշված ՀՈԱԿ-ի տնօրենը իր դիմումի համաձայն՝ ազատվել է աշխատանքից, տվել խոստովանական ցուցմունք և ՀՀ քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվեհամարին է փոխանցել պատճառված վնասը՝ ընդհանուր՝ 12.055.000 ՀՀ դրամ գումար:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: