Լրահոս
    03.08.20, 07:14

    Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

    Երկու եղբայրներ ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

    ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արտաշատ քաղաքի բնակիչներ, եղբայրների կողմից ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

    2020թ. օգոստոսի 02-ին՝ ժամը 18:15-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Արտաշատ քաղաքի բնակչուհի և հայտնել, որ ծանոթն իրեն ծեծում է և կոտրում տան դուռը:

    Անմիջապես դեպքի վայր է մեկնել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը: 

    Նկատելով մոտեցող ոստիկաններին՝ տղամարդը խոհանոցային դանակը դրել է իր վզին ու սպառնացել վնասել իրեն:

    Ոոստիկանության ծառայողները, վերջինիս հետ խոսելով, համոզել են և հրավիրել Ոստիկանության բաժին: Տղամարդը, դանակն իր վզին պահած վիճակում, ոստիկանների և եղբոր ուղեկցությամբ, քայլելով գնացել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ՝ միջանցքում, դանակը թափահարելով հարձակվել է ոստիկանների վրա, և երբ վերջիններս փորձել են վնասազերծել նրան, դանակով հարվածել է ոստիկանության ՀՈԲ ավագ տեսուչի աջ ոտքին՝ պատճառելով վնասվածք:

    Նույն պահին նրա եղբայրը քարով հարձակվել է ոստիկանների վրա, սակայն չի հասցրել որևէ մեկին հարվածել, քանի որ ոստիկանության ծառայողները նրան վնասազերծել են:

    Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

    Արտաշատ քաղաքի բնակիչներ, երկու եղբայրները ձերբակալվել են՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով:

    Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, զննվել է դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունը, հարցաքննվել են ականատես վկաներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: