Լրահոս
23.08.23, 16:31

Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը շուրջ 4 տասնյակ քաղաքացիներից կաշառք է ստացել. 6 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը շուրջ 4 տասնյակ քաղաքացիներից կաշառք է ստացել. 6 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետի կողմից շուրջ 4 տասնյակ  քաղաքացիներից կաշառք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետը, 2014-2019թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, իրավասու լինելով նշանակել ու  վերահաշվարկել կենսաթոշակները և նպաստները, իրեն ի պաշտոնե դիմած շուրջ 4 տասնյակ  քաղաքացիներից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառք՝ իր իշխանական և ծառայողական լիազորություններն ու դրանով պայմանավորված ազդեցությունը օգտագործելով, աշխատանքային ստաժի տարիները պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում ավելացնելու, քաղաքացիների կենսաթոշակը 65 տարեկանը լրանալու փոխարեն 63 տարեկանից ձևակերպելու, աշխատանքային ստաժը ավել գրի առնելու միջոցով կենսաթոշակը բարձր ձևակերպելու, որոշ անձանց իրեն ենթակա ստորաբաժանումում աշխատանքի ընդունվելու գործընթացը կազմակերպելու, տարիներ շարունակ կենսաթոշակը վճարված չլինելու հիմքով դադարեցված հաշմանդամության, ինչպես նաև կուտակված կենսաթոշակները միանվագ տրամադրելու և վերականգնելու, ապագայում ստացվելիք կենսաթոշակը բարձր ձևակերպելու նպատակով քաղաքացիների աշխատանքային գրքույկում ակնհայտ ապօրինի կեղծ տեղեկություններ ներառելու գործողություններ կատարելու դիմաց:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (32 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Կաշառք տալու համար մեղադրանքներ են ներկայացվել նաև վերոնշյալ քաղաքացիներից 5-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: