Լրահոս
02.11.22, 11:43

Գեղարքունիքում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Գեղարքունիքում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ արագ սննդի կետում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով, 2022 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ, Ճամբարակ քաղաքում գտնվող արագ սննդի կետում իրենց հատկացված առանձին սենյակում, հասարակության նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, ճաշելու ընթացքում սենյակի պատուհանից կրակոցներ։ են արձակել:

Նախաքննության ընթացքում իրականացված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ 7,62մմ տրամաչափի պարկուճ, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է    դատաքիմիական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց, ինչպես նաև հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: