Գիտագործնական միջազգային կոնֆերանս՝ «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով (Լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեում այսօր՝ մարտի 21-ին, տեղի է ունեցել գիտագործնական միջազգային կոնֆերանս՝ «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով։ Կոնֆերանսին մասնակցել են ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցիչները` ՌԴ ՔԿ նախագահի տեղակալ Ելենա Լեոնենկոյի գլխավորությամբ, Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահի տեղակալ Ալեքսանդր Զվյագինցևը, Հռոմի զինվորական դատախազ Մարկո Դե Պաուլիսը և այլ հյուրեր։
Ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը նշել է, որ անչափահասների դատավարական իրավունքների և շահերի պաշտպանությունը մշտապես գտնվել է ՀՀ քննչական կոմիտեի ուշադրության կենտրոնում՝ ձևավորման պահից սկսած։
«Մենք ապրում ենք գլոբալացման դարաշրջանում, որի մասնակից են նաև անչափահասները, ովքեր, իրենց տարիքային, հոգեբանական, սոցիալական և այլ հատկանիշներից ելնելով, կարող են ընկնել այլ անձանց ազդեցության տակ:
Հազվադեպ չեն դեպքերը, երբ այդ «վստահությունը» հանգեցնում է անչափահասին հանցավոր գործունեության մեջ ներգրավելուն կամ նրան դարձնում խոցելի վիկտիմոլոգիական տեսանկյունից:
Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն, արդյունավետ և բեղմնավոր աշխատանք, և համոզված եմ, որ արտահայտված կարծիքները և ընդունած որոշումները կունենան մեծ գիտագործնական նշանակություն»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել է անչափահասների նկատմամբ և անչափահասների կողմից կատարվող հանցավորության ընդհանուր վիճակը, համացանցում կատարվող հանցագործություններին (մահվան խմբեր, սեռական բռնություն և այլն), անչափահասների նկատմամբ հանցագործությունների կանխման ոլորտում օրինաստեղծ գործունեությանը, ինչպես նաև՝ մանկահասակ հանցագործների նկատմամբ օրենսդրության մարդասիրականացման, սեռական բռնության զոհ-երեխաների հոգեբանական վերականգնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը փաստել է, որ այս հարցը հատկապես վերջին տարիներին, բավական ակտուալ է դարձել։ ՀՀ Քննչական կոմիտեն, իր նախաձեռնությամբ, սկսել է վարել երեխաների դեմ ուղղված և ընտանեկան բռնությանը վերաբերող հանցագործությունների հատուկ վիճակագրություն, որի շնորհիվ ձևավորվել է հստակ տեղեկատվություն՝ անչափահասների մասնակցությամբ կամ նրանց դեմ կատարված հանցագործությունների շարժընթացի վերաբերյալ, ինչին էլ համապատասխան մշակվել է քրեաիրավական քաղաքականությունը, կատարվել մի շարք օրենսդրական փոփոխություններ։
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում: Երեխաների նկատմամբ հիմնականում կատարվում են սեռական բնույթի, առողջության, կյանքի, ազատության դեմ ուղղված հանցագործություններ:
ՀՀ քննչական կոմիտեում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է ,որ 2015-2017 թթ.ընթացքում ՀՀ-ում կատարված բոլոր հանցագործությունների 1 տոկոսը կազմում են սեռական հանցագործությունները, ինչի մեծ մասը կատարվել է երեխաների նկատմամբ:
Այսպես՝ 2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս), 2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս), իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս): Սույն վիճակագրական տվյալները փաստում են, որ նախորդ տարի նկատվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների որոշակի նվազում, այդուհանդերձ ցուցանիշը խիստ մտահոգիչ է, և փաստում է սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը։
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նման հանցագործություններից տուժած անչափահասների գերակշիռ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը՝ 4 տարեկան։
Անչափահասների մասնակցությամբ, նրանց դեմ կատարվող հանցագործությունների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու, հանցագործություններից տուժած անչափահասների կրկնակի զոհայնացումը բացառելու նպատակով կարևորվել է քննիչների մասնագիտացումը՝ ելնելով անչափահասների հոգեբանական, տարիքային, սոցիալական առանձնահատկություններից։ Քննչական կոմիտեն գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ համատեղ կազմակերպել է վերապատրաստման հատուկ դասընթացներ, որոնց արդյունքում նեղ մասնագիտացում է ստացել ՔԿ 21 քննիչ։ Բացի այդ, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում կահավորվում են առանձին քննչական սենյակներ՝ անչափահասների մասնակցությամբ կատարվող քննչական գործողությունների համար:
ՀՀ ՔԿ նախագահը նշեց, որ հետևողականորեն կատարվող աշխատանքների արդյունքում հաջողվել է արձանագրել դրական արդյունքներ՝ թե՛ քննության մեթոդիկայի և թե՛ բացահայտման ուղղությամբ։ Այդուհանդերձ անհրաժեշտ է ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումների իրականացումը՝ ուղղված ինչպես անչափահասների կողմից, այնպես էլ՝ նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունների նվազեցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ընտանեկան բռնությանը, քանի որ հաճախ է պատահում, երբ ընտանիքը, որը պետք է պաշտպանի երեխային և նրա իրավունքները, ոչ միայն չի իրականացնում սույն գործառույթը, այլ նաև խախտում է այն: Կանխարգելիչ միջոցները առաջին հերթին պետք է ուղղված լինեն երեխաների պաշտպանությանը բացասական տեղեկատվությունից, որը բացասաբար է անդրադառնում երեխայի զարգացման և երեխայի դաստիարակության որակի բարելավման վրա ընտանիքում, ինչպես նաև՝ դպրոցում:
Ա.Հովսեփյանը կարևորեց նաև խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, որոնք, ունենալով իրավասությունների լայն շրջանակ երեխաների պաշտպանության հարցում, գործում են թերի և ոչ պրոֆեսիոնալ, ինչին մեկ անգամ չէ, որ անդրադարձել են պետական և ոչ պետական մարմինները, և նույնիսկ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
Կոնֆերանսին ելույթներ են ունեցել նաև երկու երկրների քննչական կոմիտեների, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։
Ամփոփելով կոնֆերանսի արդյունքները՝ մասնակիցները փաստել են, որ երեխաների պաշտպանության արդյունավետությունը կախված է ոչ միայն առանձին մարմինների և կազմակերպությունների համակարգային և պրոֆեսիոնալ մոտեցումից, այլ նաև՝ նրանց միջև փոխշահավետ համագործակցությունից՝ ներառելով քաղաքացիական հասարակությունը: