Լրահոս
30.07.19, 13:30

Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ևս 20 մլն. դրամ

Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ևս 20 մլն. դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Գնդեվազ համայնքի նախկին ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. պետությանը պատճառված վնասից վերականգնվել է ևս 20մլն. դրամ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ համայնքի ղեկավարը, տեղյակ լինելով, որ ՓԲ ընկերությունը հողատարածքներ է գնում, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շահադիտական նպատակով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հանդիսանալով հողերի օտարման աճուրդ կազմակերպող մարմնի ղեկավար, համայնքի ղեկավարի որոշմամբ և հիմք ընդունելով աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը, համայնքի արոտավայր հողատարածքներից  9.91 հեկտար հողատարածքը 2014թ. մայիսի 29-ին 410.130 ՀՀ դրամով աճուրդային կարգով վաճառել է իր որդուն, ով իր հերթին նշված հողատարածքը 2015թ. մայիսի 26-ին անհամեմատ թանկ՝ 147 300 838 ՀՀ դրամով, վաճառել է հիշյալ ՓԲ ընկերությանը՝ էական վնաս պատճառելով համայնքին:

Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Նախաքննության ընթացքում համայնքին պատճառված վնասից, ընդհանուր առմամբ, վերականգնվել է 70 000 000 ՀՀ դրամի չափով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: