Լրահոս
19.09.15, 14:01

Հակառակորդի մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել հայ գյուղացու ուղղությամբ

Հակառակորդի մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել հայ գյուղացու ուղղությամբ


ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական  վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  Ադրբեջանի մարտական դիրքերից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

Դեպքը տեղի է ունեցել 2015թ. սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում: Ադրբեջանի Ջափարլու գյուղի տարածքում տեղակայված մարտական դիրքերից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով  կյանքից զրկելու դիտավորությամբ տարբեր տրամաչափի զենքերից կրակ է արձակվել Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի,  Ուռի հանդամասում գտնվող նույն գյուղի բնակիչ Ա.Թամրազյանի վարած «Նիսսան Իքսթռաիլ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ:

Արձակված կրակոցներից վնասվել է գյուղացու ավտոմեքենան՝ պատճառելով զգալի նյութական վնաս, իսկ նրան հաջողվել է թաքնվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ, որոնց արդյունքում ավտոմեքենայի բեռնախցիկից հատնաբերվել  է փամփուշտի գնդակին նմանվող  մետաղե մասնիկ:

Նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական  համալիր  փորձաքննություն:

Ա.Թամրազյանը ճանաչվել է տուժող։