Լրահոս
24.02.22, 13:18

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն. գործը դատարանում է

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարվել է առանձնապես խոշոր չափերով հափշտակություն. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ 30-ամյա տղամարդը, 2021թ. հանդիսանալով սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) աշխատակից,  ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, ստեղծել է հիշյալ ընկերության գործընկեր կազմակերպությունների պաշտոնական էլեկտրոնային փոստերին նմանվող հասցեներ ու նամակագրական կապ հաստատելով տվյալ ընկերության աշխատակիցների հետ՝ ներկայացել որպես գործընկեր կազմակերպությունների աշխատակից և նրանց ուղարկել հաշիվ ապրանքագրեր՝ պահանջելով փոխանցվելիք գումարը «Բիթքոին» տեսակի կրիպտոարժույթի տեսքով փոխանցել նախապես իր կողմից ստեղծված և տնօրինվող «Բիթքոին» դրամապանակի հաշիվներին։ Չարաշահելով ընկերության աշխատակիցների վստահությունը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 33 մլն ՀՀ դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: