Լրահոս
22.10.18, 12:32

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնիրավչության դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ ինքնիրավչության դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առերևույթ կատարված ինքնիրավչության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2018թ. օգոստոսի 7-ին Երևան քաղաքի բնակչուհուց ՀՀ ոստիկանությունում հաղորդում է ստացվել առ այն, որ 2011թ. «Ֆլեշ» ՍՊ ընկերության աշխատակիցը, իր հանգուցյալ ամուսնուն մեղադրելով յուրացումներ կատարելու մեջ, խաբեությամբ, սպառնալիքներ տալու եղանակով, հափշտակել է 15 000 000 ՀՀ դրամ գումար:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով, որը, նախաքննություն կատարելու համար, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ նախնական տվյալներով՝ 2010-2011թթ. ընթացքում «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենը՝ ծնված 1954թ., գրասենյակ է հրավիրել ընկերության աշխատակցին՝ բենզալցակայանի վարիչին, վերջինիս մեղադրել հափշտակություն կատարելու մեջ, սպառնացել նրա որդուն՝ ծնված 1982թ., և պահանջել որպես փոխհատուցում վճարել 3 000 000 ՀՀ դրամ գումար:

Ստանալով պահանջված գումարը՝ աշխատակցին հայտնել է, թե սխալ հաշվարկ է կատարվել, հափշտակված գումարի չափն ավելի մեծ է՝ պահանջելով ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար: Բացի այդ, ՍՊ ընկերության տնօրենը պահանջել է նաև, որպեսզի աշխատակցի որդուն պատկանող «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան տեղափոխեն ընկերությանը պատկանող բազա՝ հայտնելով, որ գումարը վճարելուց հետո միայն այն կվերադարձնի: Բենզալցակայանի վարիչն ստիպված վճարել է ևս 3 200 000 ՀՀ դրամ գումար և վերցրել հիշյալ ավտոմեքենան:

Այնուհետև, ըստ քրեական գործի նյութերի, ՍՊ ընկերության տնօրենը աշխատակցին հրավիրել է ընկերության գրասենյակ և վերջինիս որդու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ պարտադրել է ստորագրել ևս 7 000 000 ՀՀ դրամ գումարի չափով պարտավորագիր: Պահանջվող գումարը վճարելու համար՝ ՍՊ ընկերության աշխատակիցը գրավադրել է իր բնակարանը և ՍՊ ընկերության տնօրենին փոխանցել 7 000 000 ՀՀ դրամ գումարը:

Քրեական գործով կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ, հարցաքննվել են ընկերության աշխատակիցներ, դեպքի շուրջ, որպես կասկածյալ, ցուցմունք է տվել ՍՊ ընկերության տնօրենը: Քննիչը որոշում է կայացրել վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: