«Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի փոխհատուցվել է պետությանը պատճառված վնասը. փոխանցվել է 48,5 մլն ՀՀ դրամ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. քննության ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մասնակի վերականգնվել է պետությանը պատճառված վնասը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից ստացված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել մի քանի դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքում առերևույթ չարաշահումների վերաբերյալ։
Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2015թ. ընթացքում պետական բյուջեով հատկացված դրամաշնորհի շրջանակներում հայտարարված մրցույթում մերժվել է 21.244.200 ՀՀ դրամով ցածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հայտը։ Փոխարենը՝ ծառայությունների մատուցման պայմանագրերը կնքվել են ավելի բարձր գին առաջարկած երկու այլ ընկերությունների հետ՝ պետությանը պատճառելով էական վնաս:
Բացի այդ, առերևույթ չարաշահումներ են հայտնաբերվել նաև 2015-2018թթ. ընթացքում «Հայաստան-սփյուռք գործակցության թեմայով հեռուստահաղորդումների և տեսահոլովակների պատրաստում, հեռարձակում, ձեռք բերում և բազմացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարված մրցույթի արդյունքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում, «Արի տուն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017թ. ընթացքում «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության առանձին պաշտոնատար անձանց գործողություններում, որոնց հետևանքով պետական միջոցներից անհիմն ելքագրվել և վատնվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, մշակվել քննչական պլան, և ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված միջոցառումների արդյունքում՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից ՀՀ պետական վերահսկողության ծառայության դեպոզիտ հաշվին է փոխանցվել 48.500.000 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնասի մասնակի վերականգնում:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, քննություն է տարվում՝ պատճառված վնասի իրական ծավալները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: