Լրահոս
08.10.21, 14:33

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի շնորհավորանքը

Հարգելի պարոն Քյարամյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ձեր ղեկավարած կառույցի ողջ անձնակազմին՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի օրվա և կառույցի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ:

Քննչական կոմիտեն՝ որպես իրավապահ համակարգի առանցքային դերակատարում ունեցող կառույցներից մեկը, լուրջ ներդրում ունի երկրում օրինականության ապահովման և իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, քաղաքացիների շահերի և իրավունքների պաշտպանության գործում:

Ակնհայտ է, որ Քննչական կոմիտեի ծառայողները, գիտակցելով ստանձնած պարտականությունների կարևորությունը, իրենց համար ամենօրյա աշխատանքի ուղենիշ են սահմանել օրենքին անմնացորդ ծառայելն ու գործին նվիրվածությունը: Վստահ եմ, որ Ձեր ղեկավարած կառույցն իր հետևողական աշխատանքով այսուհետ ևս կնպաստի մեր երկրում իրավապահ մարմինների հանդեպ վստահության բարձրացմանը՝ գործունեության հիմքում ունենալով քննիչի բարդ ու պատասխանատու աշխատանքի համար անհրաժեշտ կամքը, անաչառությունը և բարձր պրոֆեսիոնալիզմը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն՝ որպես նորաստեղծ կառույց, շահագրգիռ է իրավապահ մարմինների հետ արդյունավետ համագործակցություն ձևավորելու հարցում, և լիահույս եմ, որ այդ շրջանակներում ակտիվ համագործակցային հիմք կստեղծվի նաև ՀՀ քննչական կոմիտեի հետ՝ իրավախախտումների բացահայտման ու քննության նոր որակ ապահովելու ուղղությամբ:

Բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն, տոկունություն և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ,
արդարադատության երրորդ դասի
պետական խորհրդական Ս.Խաչատրյան