ՀՀ ՔԿ-ում 2022թ․ քննված և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված ընդհանուր 1,7մլրդ դրամի գույքային վնաս․ ամփոփում
ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել են 2022թ․ ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ տվյալները։
Ըստ այդմ՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ ենթակայության՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 7.299.459.415 ՀՀ դրամ։ Տարվա ընթացքում վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամի չափով վնաս: Ընդ որում՝ 2022թ․ավարտված վարույթներով բացահայտված ընդհանուր վնասը 2021թ․ցուցանիշը գերազանցում է ավելի քան 1,6 մլրդ դրամով կամ 30%-ով։
Մասնավորապես՝ 2022թ․ ընթացքում նախաքննությամբ հայտնաբերված՝ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2.475.445.223 ՀՀ դրամ։ Նախաքննության փուլում վերականգնվել է 956.223.116 ՀՀ դրամը կամ 38.6%-ը։ Ընդ որում՝ պետությանը պատճառված վնասների վերականգնման նշված արդյունքը 2021թ․ ցուցանիշը գերազանցում է մոտ 37%-ով։
Համայնքին պատճառված 312.467.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 310.156.000 ՀՀ դրամը կամ 99.2%-ը։
Իրավաբանական անձանց պատճառված 2.257.952.000 ՀՀ դրամ վնասից անցած տարվա ընթացքում վերականգնվել է 173.039.000 ՀՀ դրամը։
ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասը կազմել է 2.253.595.192 ՀՀ դրամ։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է 266.329.856 ՀՀ դրամի վնաս:
Միջազգային կազմակերպություններին գույքային վնաս չի պատճառվել:
Ձեռնարկվել են միջոցներ՝ դեռևս չհատուցված վնասի վերականգնումը երաշխավորելու նպատակով։ Մասնավորապես` կալանք է դրվել մեղադրյալների՝ նախնական հաշվարկով ընդհանուր 1,257.549.000 դրամ արժեքով անշարժ և շարժական գույքերի, դրամական միջոցների նկատմամբ, որից ավելի քան 879մլն-ը՝ պետությանը պատճառված վնասների մասով։
Հանցագործությամբ պատճառված վնասների վերականգնումը ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով իրականացվող նախաքննության առաջնային խնդիրներից է։