Պաշտոնական
11.05.23, 16:23

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը,  Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացման աշխատանքները համակարգող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովի մյուս անդամների հետ գտնվում է Ստրասբուրգում։
 

Այցը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, որի նպատակն է գործարկել ՄԻԵԴ վճիռների կատարման կազմակերպման և վերահսկման միջգերատեսչական հանձնաժողովի ազգային մեխանիզմը և խթանել քննարկումները միջգերատեսչական հանձնաժողովի անդամների և Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների միջև։
 

Այցի շրջանակներում հանձնաժողովի անդամները հանդիպումներ են ունեցել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիի, Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Յակումոպուլոսի հետ:
 

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպական դատարանի վճիռների կատարման, մարդու իրավունքների եվրոպական չափանիշների ներդրման արդյունավետության բարձրացման, Եվրոպական դատարանի վճիռների կատարման միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության հետ կապված հարցեր:
 

Հանդիպումների ընթացքում ընդգծվել է Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմպլեմենտացիային ուղղված քայլերի արդյունավետությունը և այդ առումով հատուկ կարևորվել է միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծումը։
 

Հատուկ անդրադարձ է կատարվել նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների խախտումներին։
 

Բարձրաստիճան պատվիրակության անդամները մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարումն ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու վերաբերյալ թեմատիկ քննարկմանը, որտեղ ներկայացվել են մարդու իրավունքների ներդրման առնչությամբ համապատասխան ոլորտում իրականացված և իրականացվող բարեփոխումներն ու ռազմավարական փաստաթղթերը: