ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ (լուսանկարներ)
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին:
Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը զեկուցել է 2018 թվականի ընթացքում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները:
2018թ. ընթացքում Կոտայքի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում քննվել է 1576 քրեական գործ /նախորդ 2017թվականի 1235-ի դիմաց/, աճը կազմել է 341 քրեական գործ կամ 27,6 %:
2018թ. ընթացքում սպանության դեպք չի արձանագրվել, 2017թ. ընթացքում արձանագրվել է սպանության 7 դեպք:
Պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ 2018 թվականին քննվել է 24 քրեական գործ /25 անձ /՝ 2017 թվականի 9 քրեական գործի դիմաց:
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը ոլորտ առ ոլորտ քննարկել է հարուցված քրեական գործերի ընթացքը: Դրանք առավել արդյունավետ կազմակերպելու, նախաքննության որակի բարձրացման, քննության օպերատիվության, ինչպես նաև քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում թույլ տրված վրիպումները շտկելու վերաբերյալ տվել հանձնարարականներ:
ՔԿ նախագահը նշել է, որ ստորաբաժանման ղեկավարը քննչական վարչությունում և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ պարբերաբար պետք է անցկացնի խորհրդակցություններ՝ անձնակազմի տեսական գիտելիքների կատարելագործման, քրեական գործերի քննության ընթացքի, ինչպես նաև առաջացած խնդիրներին արագ լուծումներ տալու նպատակով:
«Գիտելիքների կատարելագործմանն է ուղղված նաև գարնանը սպասվող քննիչների ատեստավորումը: Ոչ մի զիջում չի լինելու այն անձի նկատմամբ, ում գիտելիքները պատշաճ մակարդակի չէ»,- ասաց ՔԿ նախագահը և հորդորեց մասնագիտական գիտելիքները կատարելագործել ամենօրյա ռեժիմով:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն անդրադարձել է նաև քաղաքացիների ընդունելություններին՝ նշելով, որ հանդիպում խնդրող բոլոր քաղաքացիների համար պետք է կազմակերպվի պատշաճ ընդունելություն:
«Քաղաքացին, ի դեմս ձեզ, տեսնում է պետություն և ձեր կողմից յուրաքանչյուր ոչ կոռեկտ վարքագիծ նույնացվում է համակարգի և պետության հետ: Մենք ենք ժողովրդի ծառան և պարտավոր ենք մեր ծառայությունը բարձր մակարդակով կատարել»,- շեշտել է ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանը Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատանքը գնահատել է գերազանց և վարչության պետին հանձնարարել ծառայության ընթացքում առավել լավ ցուցանիշներ արձանագրած աշխատակիցներին ներկայացնել խրախուսման: