ՀՀ քննչական կոմիտեի նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելին:
Ողջունելով հյուրերին՝ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԵԽ-ի երևանյան գրասենյակի հետ ինտենսիվ և արդյունավետ համագործակցությանը:
Հայկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ նախկինում համատեղ իրականացված ծրագրերի համար և հայտնել իր պատրաստակամությունը՝ համագործակցությունը խորացնելու և ծրագրերը նոր թափով շարունակելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է իր կողմից նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ մշակված մի շարք ծրագրեր, որի իրականացումն այս պահին ընթացքի մեջ է:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ողջունել է ՔԿ նախագահի ներկայացրած ծրագրերը և հայտնել իր անվերապահ աջակցությունը դրանց իրականացման ընթացքում:
Հանդիպման ընթացքում ԵԽ պատվիրակության ղեկավարը ՔԿ նախագահից հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիրառման խնդիրներից:
Հայկ Գրիգորյանը ներկայացրել է վերջին երկու տարվա ընթացքում կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վիճակագրական տվյալներ և, ըստ այդ տվյալների, տարեցտարի նվազել է կալանավորված անձանց թիվը:
Հայկ Գրիգորյանը եվրոպացի գործընկերների մոտ շեշտել է ՀՀ քաղաքական ղեկավարության այն դիրքորոշումը, որ իրավապահների նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ. «ՀՀ վարչապետի այն հայտարարությունը, որ մեր նպատակը մարդկանց բանտերը լցնելը չէ, լավագույն վկայությունն է այն բանի, որ ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ իշխանությունը կարևորում է անձի արժանապատվությունը, և կալանքը՝ որպես խափանման միջոց, ընտրվում է բացառապես բավարար հիմքերի առկայության դեպքում»:
Հանդիպման ավարտին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելը ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցել Կոմիտեի կողմից իրականացվելիք ծրագրերին և նշել, որ բարձր է գնահատում Քննչական կոմիտեի ղեկավարության որդեգրած քաղաքականությունը, քրեական գործերի քննության, դրանց արդյունավետ կազմակերպման վերաբերյալ ձեռնարկվող քայլերը: