Պաշտոնական
16.12.22, 14:39

ՀՀ քննչական կոմիտեն հյուրընկալել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին (լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեն հյուրընկալել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ գրասենյակի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյին (լուսանկարներ)

Այսօր ՀՀ քննչական կոմիտե էր այցելել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների և իրավապահ համագործակցության (ԹՊԻՀ) գրասենյակի՝ իրավապահ ոլորտի ավագ խորհրդատու Ադի Հոլովեյը, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Նրան ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, այնպես էլ այլ ոլորտներում   դեսպանատան հետ իրականացված համատեղ ծրագրերը, որոնք միտված են Հայաստանում հանցավորության նվազեցմանը և իրավապահ մարմինների ռեսուսրների զարգացմանը։ Նա շնորհակալություն է հայտնել պարոն Հոլովեյին՝ այդ արդյունավետ համագործակցության հաստատման գործում ունեցած ավանդի, ներդրած անձնական ջանքերի և Քննչական կոմիտեի հետ փոխվստահության վրա հիմնված գործընկերային ջերմ հարաբերություններ ունենալու համար։

Պարոն Հոլովեյը ևս շնորհակալություն է հայտնել նախընթաց ժամանակահատվածում համատեղ արդյունավետ աշխատանքի համար և վստահություն հայտնել, որ ԹՊԻՀ գրասենյակի և ՀՀ քննչական կոմիտեի գործակցությունը կշարունակվի վերընթաց հունով։ 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով Ադի Հոլովեյը ՀՀ քննչական կոմիտեի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջև արդյունավետ համագործակցության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով։

Պարգևը սիրով հանձնելով հյուրին՝ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը նրան մաղթել է հաջողություններ իր հետագա գործունեության ընթացքում։