ՀՀ քննչական կոմիտեում քննվող միայն տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերի քննության արդյունքում 2023թ. վերականգնվել է պետությանը պատճառված ավելի քան 9մլրդ 600մլն դրամի վնաս
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության դեպքերով նախաքննությունն ավարտված և ընթացիկ քրեական վարույթներով պետությանը պատճառված գույքային վնասի վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:
Մասնավորապես՝ 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության վարչությունում (մի մասով՝ նաև ՀՀ ՔԿ հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում) քննվող վարույթներով իրականացված բազմածավալ վարութային և այլ ապացուցողական գործողությունների, այդ շրջանակներում համապատասխան տնտեսվարող սուբյեկտների հետ իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում պետական բյուջե է վերականգնվել պետությանը պատճառված շուրջ 9.690.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Նշված վերականգնման զգալի մասը տեղի է ունեցել երկու ոլորտներում սխեմատիկ բնույթ կրող, տևականորեն կատարված հանցավոր մեխանիզմների բացահայտման արդյունքում։ Մասնավորապես, նշված գույքային վնասից 4.036.000.000 ՀՀ դրամը վերականգնվել է հատուկ էլեկտրոնային սերվերային համակարգին համակցված առևտրային ծրագրի ապահովման միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու բազմադրվագ դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում։ Իսկ 2.335.000.000 ՀՀ դրամ գումարը վերականգնվել է ավտոներկրման և իրացման /արտահանման/ գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ քննվող քրեական վարույթների շրջանակներում:
Եվս շուրջ 3.800.000.000 ՀՀ դրամ, ըստ էության, գտնվում է վերականգնման փուլում՝ հաշվի առնելով, որ հանցավոր գործունեության արդյունքում գոյացած իբրև թե պետության կողմից տնտեսավարողին վճարման ենթակա ընդհանուր նշված չափով ԱԱՀ-ի դեբետագրված գումարները, վարույթն իրականացնող մարմնի կողմից տրամադրված տվյալների հիման վրա համապատասխան ստուգումների արդյունքում գտնվում են զրոյացման փուլում։