Լրահոս
21.12.20, 09:28

Հյուրընկալությունն ավարտվել է դանակահարությամբ. հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

Հյուրընկալությունն ավարտվել է դանակահարությամբ. հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով

2020թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 20:45-ին, ՀՀ ոստիկանությունում Արտաշատ քաղաքի 55-ամյա բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր տանը հյուրընկալած անձը չի արձագանքում, ենթադրում է, որ նա մահացել է:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի բնակարաններից մեկի խոհանոցում՝ աթոռին նստած վիճակում, հայտնաբերել է 1966թ. ծնված տղամարդու դի՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը 54-ամյա տղամարդը հյուրընկալվել է իր ծանոթին, միասին ալկոհոլ են օգտագործել, որի ժամանակ վերջինիս և տանտիրոջ  միջև վիճաբանություն է առաջացել կենցաղային հարցերի շուրջ, ինչը վերաճել է հրմշտոցի, որի ընթացքում տանտերը՝ 55-ամյա տղամարդը, դանակով հարվածել է հյուրի կրծքավանդակին` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, արնանման հետքերով խոհանոցային դանակ, վերցվել են փորձանմուշներ:

Արտաշատի 55-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ սպանություն կատարելու կասկածանքով, և ցուցմունք տվել:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են  մի շարք փորձաքննություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: