Կալանավորվել է Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է տարվում ՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում կատարված առերևույթ չարաշահումների դեպքերն ամբողջ ծավալով բացահայտելու ուղղությամբ: 1 անձ կալանավորվել է:
Նշենք, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալությունում առերևույթ ապօրինի վարձատրության դեպքի առթիվ՝ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 312-րդ հոդվածի 1-ին մասով, 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 312.1-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել էր ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին և 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունվել վարույթ:
Իրականացված քննությամբ պարզվել է, որ Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետը 2016 թվականից մինչև 2018 թվականը սոցիալական նպաստ ծրագրում ընդգրկելու և սոցիալական նպաստ ծրագրից օգտվելը շարունակելու համար քաղաքացիներից ամեն ամիս պահանջել և ստացել է զգալի չափերի գումար:
Դիլիջանի սոցիալական աջակցության գործակալության պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի: 3 անձի՝ սուտ մատնութան և 3 անձի՝ կաշառք տալու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Քրեական գործով հարցաքննվել են մի շարք վկաներ, կատարվել են զննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: