Կապան քաղաքի՝ 52-ամյա բնակչի սպանության հիմնավոր կասկածանքով քրեական հետապնդում է հարուցվել տուժողի եղբորորդու նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային ակտիվ գործողություններ՝ Կապան քաղաքի բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
2023թ. հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ին, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի 52-ամյա բնակիչը տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին շտապօգնության ավտոմեքենայում մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության շրջանակներում զննության է ենթարկվել 52-ամյա տղամարդու՝ դեպքի վայր հանդիսացող տունը, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, բնակարանի գույքը եղել է ջարդված՝ արնանման հետքերով, իսկ հյուրասենյակը՝ հրկիզված:
Նախաքննության ընթացքում կատարվել է դիակի զննություն, որի արդյունքում տուժողի մարմնի վրա հայտնաբերվել են երկու տասնյակից ավել մարմնական վնասվածքներ:
ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են տղամարդու՝ կյանքի հետ անահամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի եղբոր որդին՝ ծնված 1993 թվականին: Վերջինս, հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է, հարցաքննվել՝ տալով խոստովանական ցուցմունք, ներկայացնելով քննությանը հետաքրքրող մանրամասներ:
Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, երիտասարդը հորեղբոր տանն անձնական հարցերի շուրջ վիճաբանել է վերջինիս հետ, որի ժամանակ տարբեր առարկաներով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև, կարծելով, թե նա մահացած է, պառկեցրել է թախտի վրա և հրկիզել՝ փորձելով թաքցնել կատարածը, սակայն, հասկանալով, որ նա չի մահացել, հանգցրել է կրակն ու զանգահարել շտապօգնություն:
Նախաքննության ընթացքում նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական փորձաքննություններ:
Քննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: