Լրահոս
12.09.19, 13:18

Կառուցվածքային փոփոխություններ Քննչական կոմիտեում

Կառուցվածքային փոփոխություններ Քննչական կոմիտեում

Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը:

Ընդունված որոշման նախագծով Քննչական Կոմիտեի մարմիններում և ստորաբաժանումներում նախատեսվում են ինչպես կառուցվածքային փոփոխություններ՝ ստորաբաժանումների միաձուլման, առանձնացման եղանակներով՝ պայմանավորված գործառույթային փոփոխություններով, այնպես էլ` անվանացանկի և հաստիքացուցակի փոփոխություններ:

Նախագծով նախատեսվում է Քննչական կոմիտեում ստեղծել Հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչություն, ինչպես նաև նախատեսվում է Կոմիտեի կենտրոնական մարմնի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունից առանձնացնել նոր ենթաստորաբաժանում և ստեղծել կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչություն՝ պայմանավորված գործառույթային փոփոխություններով:

Նախատեսվում են նաև Կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունն անվանափոխել մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության:

Հիշյալ փոփոխությունը անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քննության կենտրոնացումն է մեկ ենթաստորաբաժանումում, ինչպես նաև՝ նշված գործերի քննությունը մասնագիտացված քննիչների կողմից իրականացնելը, ինչը կնպաստի նախաքննության արդյունավետության բարձրացմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի N 522-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ քննչական կոմիտեի գործունեության արդյունավետ կազմակերպմամբ, մասնավորապես՝ այն ուղղված է քննիչների ծանրաբեռնվածության համաչափությունն ապահովելուն և որոշ ստորաբաժանումների գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն, առավել համակարգված և առանձին գործառույթներ իրականացնելու նպատակով ենթաստորաբաժանումներ ստեղծելուն:

Կոմիտեում իրականացվել են քրեական գործերի քանակի, տարբեր ստորաբաժանումների գործառույթների հետ կապված ուսումնասիրություններ, և հաստիքացուցակի փոփոխությունները նախատեսվել են` հաշվի առնելով տվյալ ստորաբաժանումներում քննիչների ծանրաբեռնվածությունը տարեկան կտրվածքով 2017 և 2018 թվականների ընթացքում: