Կրակոցներ. սպանության փորձ Էրեբունի վարչական շրջանում
2020թ. մարտի 4-ին' ժամը 18:25-ին, ապա 18.30-ին, «էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության էրեբունու բաժին ահազանգեր են ստացվել այն մասին, որ 2 շտապօգնության խմբերով հրազենային տարբեր վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Երևան քաղաքի 2 բնակիչներ:
Ահազանգերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104- րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարվող նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 4-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Բուռնազյան փողոցում գործող ավտոմեքենաների վերանորոգման արհեստանոցի դիմացով ընթացող «Տոյոտա Քեմրի» մակնիշի սև գույնի ավտոմեքենայի ետնամասում գտնվող ուղևորը իջեցրել է պատուհանը և իր մոտ գտնվող հրազենից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ մոտ տարածությունից կրակահերթ է արձակել արհեստանոցում և դրա մուտքի մոտ հավաքված մի խումբ անձանց ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վնասվածքներ են ստացել և հիվանդանոց տեղափոխվել վերը նշված 2 անձինք:
Կատարվում են քննչական գործողություններ և օպերատիվ–հետախուզական միջոցառումներ` դեպքի մյուս հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: