Լրահոս
29.04.19, 08:43

«Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից կատարված հափշտակութկյունների գործով մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու

«Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից կատարված հափշտակութկյունների գործով մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում շարունակվում է «Կոնվերս Բանկ»-ի բանկոմատներից հափշտակությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ՌԴ ևս մեկ քաղաքացու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. օգոստոսի 17-ից մինչև օգոստոսի 18-ն ընկած ժամանակահատվածում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքեր են տեղի ունեցել «Կոնվերս Բանկ»-ի՝ Երևանում և Կոտայքում տեղադրված շուրջ մեկ տասնյակից ավելի բանկոմատներից: Մեկ մեղադրյալի՝ ՌԴ 20-ամյա քաղաքացու մասով հայտարարվել էր նախաքննության ավարտի մասին, և անջատված մասով գործն ուղարկվել էր դատարան:

Ձեռնարկված քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է հափշտակության մեխանիզմը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից ևս մեկի ինքնությունը, ով նույնպես հանդիսանում է ՌԴ քաղաքացի՝ ծնված 1987 թվականին:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 32-ամյա տղամարդը, ինքնությունը չպարզված անձի հետ համագործարկցելով, 2018թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 03:30-ից 03:35-ն ընկած ժամանակահատվածում, ընկերության՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գտնվող բանկոմատից  համակարգչային ծրագրի գործարկմամբ, փորձել է հափշտակել այնտեղ առկա առանձնապես խոշոր չափերով ողջ գումարը, սակայն բանկոմատից ելքագրված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 8.800.000 ՀՀ դրամ գումարը ձեռքի պայուսակում տեղավորելուց հետո տեղում բռնվել է ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից և հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՌԴ 1987թ. ծնված քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա վերաբերյալ քրեական գործի մասն անջատվել է առանձին վարույթ, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Նախաքննությունը շարունակվում է՝ հափշտակությանը հնարավոր առնչություն ունեցած այլ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով