Լրահոս
02.05.22, 12:05

Լոռու մարզի բնակիչը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

Լոռու մարզի բնակիչը կալանավորվել է՝ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Լոռու մարզի բնակչի կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում, Լոռու մարզի Ախթալա համայնքի Նեղոց բնակավայրի 39-ամյա բնակիչն Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին առանց առջևի պետհամարանիշի վարել է «Lada» մակնիշի ավտոմեքենան, ինչը նկատվել է նույն տարածքում ծառայություն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների կողմից: 39-ամյա տղամարդը,  չենթարկվելով կանգ առնելու՝ ոստիկանության ծառայողների կողմից ներկայացված օրինական պահանջին, դիմել է փախուստի և ավտոմեքենան կայանել հիշյալ բնակավայրի տներից մեկի բակում։ Այնուհետև անտեսելով ոստիկանների՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու օրինական պահանջը՝ 39-ամյա տղամարդը հարվածել է նրանցից մեկի դեմքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Նեղոց բնակավայրի 39-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինս կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: