Լրահոս
20.04.16, 14:48

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ քննվող քրեական գործով


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 32-ամյա Հովհաննես Մուրադյանին:

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական, օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում բավարար ապացույցներ են  ձեռք բերվել առ այն, որ  32-ամյա Հովհաննես Մուրադյանը 2016 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում,  իր հոր անվամբ հաշվառված ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել առանձնատան պահակակետի ուղղությամբ՝  խաթարելով ծառայություն իրականացնող պետական պահպանության աշխատակիցների աշխատանքը։

Բացի այդ, Հ.Մուրադյանի բնակարանում, օրենքով սահմանված կարգով, ապրիլի 18-ին կատարված խուզարկությամբ նրա անձնական իրերի մեջ հայտնաբերվել և առգրավվել է  զգալի չափերի «տետրահիդրոկաննաբինոլ» տեսակի թմրամիջոց:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ապրիլի 20-ին Հ.Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը  քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ:

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է գրություն առ այն, որ Հովհաննես Մուրադյանը 19.09.2014թ-ից հաշվառված է իրենց կենտրոնում՝ «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» ախտորոշմամբ:

Քննիչը նրա նկատմամբ նշանակել է ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժնի փորձագետներին:

Ապրիլի 20-ին միջնորդություն է ներկայացվել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ Հ.Մուրադյանին 2016 թվականի ապրիլի 21-ից  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական հիվանդանոցի ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների բաժին տեղավորելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։