Լրահոս
12.10.16, 15:55

Մեղադրանք է առաջադրվել՝ հոգևոր հովիվ Ռ.Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ հոգևոր հովիվ Ռ.Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել Վանաձոր համայնքի ավագանու անդամ Ա.Փելեշյանին՝ հոգեւոր հովիվ Ռ.Գրիգորյանին ծեծելու համար։

Ռ.Գրիգորյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Վանաձոր համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձոր համայնքի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցրած Ա.Փելեշյանը հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, գնացել է Վանաձոր քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեաների» եկեղեցի կրոնական կազմակերպության մասնաշենք։ Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրությունների ժամանակ իրեն չսատարելու ու իր կարծիքով իր օգտին չքվեարկելու համար Ա.Փելեշյանը վիճաբանել է իր  ծանոթի` կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին`ծեծի ենթարկելով նրան:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Փելեշյանին հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Առաջադրված մեղադրանքում Ա.Փելեշյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: