Մեղադրանք է առաջադրվել՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու համար
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել կալանավոր Ա.Ալեքսանյանին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անկարգություններ կազմակերպելու համար։
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի թիվ 48 խցի կալանավոր, քրեական հեղինակություն համարվող Արմեն Ալեքսանյանը, տեղեկանալով ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից դատարանի որոշման հիման վրա հիշյալ խցում խուզարկություն կատարելու մտադրության մասին, այն խափանելու նպատակով, 2016թ. մայիսի 3-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված և դատապարտված անձանց հրահրել է իրականացնել զանգվածային անկարգություններ:
Ա.Ալեքսանյանի հնչեցրած կոչերից հետո նույն քրեակատարողական հիմնարկի տարբեր խցերում պահվող կալանավորված և դատապարտված անձինք վիրավորել և սպառնալիքներ են հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, այրել են և խցերի դռների կերակրադռնակներից միջանցք նետել վառվող բարձեր, ներքնակներ, սրբիչներ և այլ իրեր:
Զանգվածային անկարգության մասնակիցները ոտքերով հարվածել են խցերի դռներին, կոտրել փականները և դուրս գալով խցերից՝ մետաղյա ձողերով ու այլ առարկաներով վնասել տվյալ մասնաշենքի միջանցքում առկա գույքը, չեն ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ զանգվածային անկարգությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին՝ սպառնալով նրանց նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրել:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 2016թ. հունիսի 3-ին որոշում է կայացվել՝ Արմեն Ալեքսանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ անկարգությունների մասնակիցների շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։
Դեպքի վայրի զննությամբ առգրավվել են զանգվածային անկարգությունների ընթացքում կոտրված կերակրադռնակների և խցերի դռների փականքները, նշանակվել է դատահետքաբանական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու նպատակով հետաքննության մարմնին տրվել համապատասխան հանձնարարություն:
Նախաքննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: