Լրահոս
16.01.16, 12:05

Մեղադրանք է առաջադրվել թիվ 4/26 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին

Մեղադրանք է առաջադրվել թիվ 4/26 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 4/26 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:

06.12.2015թ.-ին  ոստիկանության Երևան քաղաքի վարչության շտաբից տեղեկություն էր ստացվել, որ թիվ 4/26 տեղամասում անհայտ անձը քվեարկել է այլ անձի փոխարեն: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ՝ պարզելու ահազանգում մատնանշված հանգամանքը և այն անձին, ում փոխարեն մեկ ուրիշը կատարել է քվեարկություն։

Նյութերի նախապատրաստության ընթացքում պարզվել է, որ անձը, ում փոխարեն կատարվել է քվեարկություն, Գայանե Գյուլնազարյանն է, ով 2015թ.-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին մասնակցելու համար գնացել է թիվ 4/26 ընտրատեղամաս և պարզել,  որ իր փոխարեն մեկ ուրիշը քվեարկել է։

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ  հոդվածով, որի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել բավարար ապացույցներ առ այն, որ Գ.Գյուլնազարյանի փոխարեն քվեարկել  է նշված ընտրատեղամասի հանձնաժողովի անդամը։

Նախնական քննության տվյալներով՝  Գ.Գյուլնազարյանի անվան դիմաց լրացրել է, ստորագրել և նրա փոխարեն քվեարկել թիվ 4/26 տեղամասի հանձնաժողովի անդամ Դ.Ազատյանը։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Դ.Ազատյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: