Լրահոս
08.05.19, 11:02

Մեղադրանք է առաջադրվել՝ ընկերոջը դանակահարելու համար

Մեղադրանք է առաջադրվել՝ ընկերոջը դանակահարելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ավարտվել է Քասախ գյուղի բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել ընկերոջը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, շարժառիթը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն  մասին, որ 2019թ. հունվարի 25-ին Քասախ գյուղի՝ 1984թ. ծնված բնակիչն ընկերոջ հետ մասնակցել է գյուղում տեղի ունեցած հոգեհացին, որտեղ ալկոհոլ են օգտագործել:

Հոգեհացից հետո վերջիններիս միջև կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ 35-ամյա տղամարդը դանակի չորս հարված է հասցրել ընկերոջ մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 35-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: