Լրահոս
25.07.16, 12:56

Մեղադրանքներ են առաջադրվել՝ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար

Մեղադրանքներ են առաջադրվել՝ իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում շարունակվում է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ 
 

Ձեռնարկված քննչական գործողությունների  արդյունքում պարզվել է ևս 3 անձի ինքնություն, ովքեր  մասնակցություն են ունեցել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմանը:
 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում: Մի խումբ անձինք բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների` հասարակական կարգը պահպանելուն ուղղված օրինական պահանջներին։ Կիրառված բռնությունների հետևանքով  մարմնական վնասվածքներ են պատճառվել իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության 6 աշխատակցի։
 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի   316-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։
 

Այսպիսով՝ սույն քրեական գործի շրջանակներում, հուլիսի 25-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի։
 

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: