Նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նորածին երեխայի առքուվաճառքի դեպքի հանգամանքները:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Արարատի մարզի 39-ամյա բնակչուհին, ունենալով մոտ ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին նույն մարզի բժշկական հաստատություններից մեկի մանկաբարձ-գինեկոլոգի և մանկաբարձուհու օժանդակությամբ, 2000 ԱՄՆ դոլարով երեխայի վաճառքը կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի բնակչուհու հետ:
Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի մարզի բնակչուհին ընդունվել է Երևանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա: 2020թ. հուլիսի 13-ին 39-ամյա կինը դուրս է գրվել բուժհաստատությունից, նույն օրը երեխային հանձնել է գնորդին՝ Երևանի բնակչուհուն, նրանից ստացել գումարի մի մասը՝ պայմանավորվելով գումարային հարցերը վերջնական լուծել որդեգրման փաստաթղթերը ամբողջությամբ ձևակերպելուց հետո:
Բացի այդ, նախազգուշացված լինելով սուտ տեղեկություններ հայտնելու համար ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվության մասին, ինչպես նաև հստակ իմանալով, որ Երևանի վերոնշյալ բնակչուհու ամուսինը՝ 43-ամյա տղամարդը, չի հանդիսանում իր նորածին դստեր կենսաբանական հայրը՝ Արարատի մարզի բնակչուհին, ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը վերջնական ավարտին հասցնելու համար, 2020թ. հուլիսի 13-ին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին հայտնել է ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի արդյունքում 43-ամյա տղամարդը ձեռք է բերել հայրության իրավունք և ստացել բովանդակությամբ կեղծ, հայրության որոշման մասին պետական վկայականները:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արարատի մարզի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով և 169.1 հոդվածով (քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը): Երևանի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ վերջինիս ամուսնուն, բուժհաստատության մանկաբարձ-գինեկոլոգին և մանկաբարձուհուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել դատախազին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: