Լրահոս
15.07.20, 07:19

Օձուն համայնքի բնակիչների՝ միմյանց դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Օձուն համայնքի բնակիչների՝ միմյանց դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Օձուն համայնքի բնակիչների՝ միմյանց դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են երկու անձանց՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս ստանալու մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2018 թվականի հուլիսի 31-ին՝ ժամը 08:47-ին, Լոռու մարզի Օձուն համայնքի 24-ամյա բնակիչը, իր եղբորը սեռական բնույթի հայհոյանքներ տալու կապակցությամբ պարզաբանում պահանջելու նպատակով, զանգահարել է 30-ամյա համագյուղացուն և պայմանավորվել հանդիպման շուրջ:

Հանդիպումը, սակայն, վերաճել է վիճաբանության, որի ժամանակ 24-ամյա երիտասարդը, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, նախապես իր հետ վերցրած դանակով հարվածներ է հասցրել համագյուղացու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ աջից կրծքավանդակի առաջնային մակերեսի ծակած-կտրած, կրծքավանդակի խոռոչ թափանցող վերք՝ թոքահյուսվածքի վնասումով, աջակողմյան հեմոթորաքս, ենթամաշկային էմֆիզեմա, աջից հետույքային շրջանի կտրած-ծակած վերքի ձևով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ կտրած-ծակած վնասվածք է ստացել նաև 24-ամյա երիտասարդը:  Քննության տվյալներով՝ նույն վիճաբանության ժամանակ 30-ամյա տղամարդն իր մոտ գտնվող դանակով հարվածել է նրա ձախ բազկի շրջանին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ ձախ բազկի ծակած-կտրած միջանցիկ վերք՝ արտաքին պրոֆուզ զարկերակերակային արյունահոսությամբ, բազկային զարկերակի և մկանափեղկային համակարգի վնասումներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ համագյուղացիներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: