Պարզվել է Լոռու մարզի երկու բնակչի ծանր մարմնական վնաս պատճառած անձի ինքնությունը. հայտարարվել է հետախուզում
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Լոռու մարզի երկու բնակչի դանակահարության մի շարք հանգամանքներ, դրդապատճառը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
2016 թվականի հունիսի 08-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչ, 1997թ. ծնված Արշակ Պողոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Մերուժան Եղինյանը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված անձանց ծանր մարմնական վնասվածքը պատճառվել է խաղասրահում Վանաձոր քաղաքի 10.12.1998թ ծնված բնակչի կողմից:
Քննության տվյալներով՝ տուժողները դեպքի օրը՝ 2016 թվականի հունիսի 8-ին, գտնվել են Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող խաղասրահում, սեղանի թենիսի գնդակը դիպչելու և այդ կապակցությամբ ներողություն չխնդրելու պատճառով, վիճաբանություն է առաջացել Արշակ Պողոսյանի, Մերուժան Եղինյանի և այլ անձանց միջև, որի ժամանակ առերևույթ հանցագործություն կատարած անձը դիտավորությամբ, իր մոտ գտնվող սուր ծակող-կտրող գործիքով երկու անգամ հարվածել է Արշակ Պողոսյանին և մեկ անգամ՝ Մերուժան Եղինյանին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպատռնացող ծանր վնաս և դիմել փախուստի:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը հունիսի 14-ին որոշում է կայացրել՝ 17-ամյա պատանուն ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: