Լրահոս
02.08.18, 14:46

Պարզվել են ակումբի մոտ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները. տուժողն ու մեղադրյալները օտարերկրյա քաղաքացիներ են

Պարզվել են ակումբի մոտ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները. տուժողն ու մեղադրյալները օտարերկրյա քաղաքացիներ են

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Փ.Բուզանդ փողոցում գործող ակումբի մոտ տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 2 անձի:

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. ապրիլի 11-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, ԻԻՀ քաղաքացին իր երեք ընկերների հետ այցելել է Երևան քաղաքի Փ.Բուզանդ փողոցում գործող ակումբ, որտեղ ժամը 01:30-ի սահմաններում առաջացել է վիճաբանություն՝ ակումբի անվտանգության աշխատակցի և հաճախորդի միջև։ Վիճաբանությունը շարունակվել է ակումբի մուտքի մոտ՝ վերածվելով քաշքշուկի, որի ժամանակ օգտագործվել է սուր կտրող-ծակող գործիք, ապակյա տարա։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Մեկ անձ ճանաչվել է տուժող, երկու անձ՝ ներգրավվել որպես մեղադրյալ. բոլորն էլ ԻԻՀ քաղաքացիներ են:

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ակումբի հաճախորդներից մեկին մեղադրանք է առաջադրվել կտրող-ծակող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ նույն ակումբի անվտանգության աշխատակցին՝ որպես զենք օգտագործվող ապակյա տարայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով:

2 մեղադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: