Լրահոս
    04.10.19, 06:53

    Պարզվում են 72-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները

    Պարզվում են 72-ամյա տղամարդու սպանության դեպքի հանգամանքները

    ՀՀ ՔԿ Գեղարքունիք մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 72-ամյա տղամարդու սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

    Նախնական տվյալներով՝ 2019 թվականի հոկտեմբերի 2-ին` ժամը 13.40-ին, ՀՀ ոստիկանության Սևանի բաժին քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ իրեն պատկանող լողափում՝ ջրի մեջ, տղամարդու դի է հայտնաբերվել:

    Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ հայտնաբերել են 1946 թվականին ծնված Հրազդան քաղաքի բնակչի դին՝ բերանը կպչուն ժապավենով կապված վիճակում:

    Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որի կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

    Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատանյութագիտական և դատակենսաբանական փորձաքննություններ:

    Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

    Հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: 

    Նախաքննությունը շարունակվում է:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: