ՔԿ նախագահի տեղակալը Շիրակի մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել է նորանշանակ պետին (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ և մարզային քննչական վարչության աշխատակիցներին ներկայացրել նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին:
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի՝ 2019թ. մարտի 21-ի հրամաններով՝ Աղասի Իսահակյանը նշանակվել է Շիրակի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ԶՔԳՎ 10-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
ՔԿ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Սամվել Սիմոնյանի աշխատանքը Շիրակի մարզային քննչական վարչության պետի պաշտոնում և շնորհակալություն հայտնել՝ մարզում երկարամյա ծառայության համար:
Ներկայացնելով նորանշանակ պետ Աղասի Իսահակյանին` ՔԿ նախագաhի տեղակալ Արման Պողոսյանը համոզմունք է հայտնել, որ վերջինս կարողանալու է պատվով հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները:
«Աղասի Իսահակյանը բանիմաց, բարձր մասնագիտական հմտություններ ունեցող անձ է: Համոզված եմ, որ ջանք ու եռանդ չի խնայելու`մարզային քննչական վարչության աշխատանքները գրագետ և արդյունավետ կազմակերպելու գործում»,- ընդգծեց Արման Պողոսյանը:
ՔԿ նախագաhի տեղակալը նորանշանակ մարզային վարչության պետին հորդորեց ստորաբաժանման անձնակազմի հանդեպ ցուցաբերել սրտացավ վերաբերմունք և նրանց վերաբերվել որպես ընտանիքի:
Մարզային այցելության ընթացքում Արման Պողոսյանը ծանոթացել է նաև Շիրակի մարզային քննչական վարչության շենքի հիմնանորոգման աշխատանքներին: