Քննչական կոմիտեի նախագահը մասնակցել է Շիրակի մարզային քննչական վարչության շենքի բացման արարողությանը (լուսանկարներ)
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը։
Վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։
Քննչական վարչության նոր վարչական շենքը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ-կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 26 աշխատասենյակ, այդ թվում՝ անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակ, իրեղեն ապացույցների պահման սենյակ, նիստերի դահլիճ և ճանաչման սենյակ:
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը միջոց է՝ քննության արդյունավետությունը, որակը բարձրացնելու համար:
Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը՝ շենքի հիմնանորոգման համար բյուջեից գումար հատկացնելու համար:
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ: