Քրեական վարույթի շրջանակներում վերականգնվել է ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲ ընկերության կողմից հարկեր վճարելուց խուսափելու միջոցով պետությանը պատճառված 161.870.946 ՀՀ դրամ վնասը
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել են ՓԲ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի մի շարք հանգամանքներ։
Քրեական վարույթով կատարված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲ ընկերությունը 2023 թվականի որոշ ամիսներին թերհայտարարագրել է արտադրված ցեմենտի իրացման շրջանառությունը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասխան ելակետային տվյալները տրամադրվել են՝ հիշյալ ընկերությունում իրականացվող համալիր հարկային ստուգման ընթացքում օգտագործելու համար:
Արդյունքում, հարկային մարմնի կողմից հիշյալ ՓԲ ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման ընթացքում ընկերության կողմից ճշգրտվել են նախկինում ներկայացված հաշվարկ-հաշվետվությունները, որոնց արդյունքում առաջացել և պետական բյուջե են վերականգնվել ընդհանուր` 161.870.946 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություններ և տույժեր:
Նախաքննությունը շարունակվում է: