Լրահոս
24.08.22, 10:48

Սպանության և առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչը

Սպանության և առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Վանաձոր քաղաքի բնակիչը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է նախօրեին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքը:

Երևան քաղաքի 44-ամյա բնակչի՝ «փակ գանգուղեղային վնասվածք, գլխի ճակատ-գագաթային շրջանի պատռված վերք, պարանոցի շրջանի տարածուն հեմատոմա» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխվելու վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 23.55-ին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջինս նշված վնասվածքներն ստացել է Վանաձոր քաղաքի Մոսկովյան 25 հասցեում գտնվող նախկին փոստի կիսաքանդ շենքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, որտեղ իրականացված զննությամբ հայտնաբերվել է տղամարդու դի՝ գանգոսկրի կոտրվածքներով: Պարզվել է, որ վերջինս Վանաձոր քաղաքի 38-ամյա բնակիչ է:


Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և  167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Վարութային և քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչ է:

Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ 38-ամյա տղամարդը բնակվել է դեպքի վայր հանդիսացող, վերոհիշյալ հասցեում: Դեպքի օրը 44 և 57-ամյա հիշյալ անձինք այցելել են 38-ամյա տղամարդուն և միասին ալկոհոլ օգտագործել: Այդ ընթացքում 57-ամյա տղամարդու կինը, տեղեկանալով ամուսնու գտնվելու վայրի մասին, եկել և նրանից պահանջել է հեռանալ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը հայհոյել է վերջիններիս, ինչին ի պատասխան՝ 57-ամյա տղամարդը մետաղյա տարայով հարվածներ է հասցրել նրա գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Վիճաբանության ընթացքում վնասվածքներ է ստացել նաև 44-ամյա տղամարդը, ով փորձել է բաժանել վիճաբանողներին:

ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը հայտնաբերվել է, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ տալով խոստովանական ցուցմունք:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝  հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է արնանման հետքերով մետաղյա տարան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել են ձերբակալվածի և տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: