Սպանության փորձի համար 2 տարի հետախուզման մեջ գտնվող անձն ինքնակամ ներկայացել է քննչական բաժին
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Էջմիածին քաղաքի բնակչի նկատմամբ երկու տարի առաջ կատարված սպանության փորձի համար:
2014թ. հունիսի 18-ին՝ ժամը 18:40-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Մատրոսով փողոցում առերևույթ հանցագործություն կատարած անձը հրազենից կրակոցներ է արձակել Էջմիածին քաղաքի բնակիչ Ա.Գրիգորյանի վարած «ԲՄՎ X 5» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել և դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ 2014թ. հունիսի 18-ին ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով հետագայում նախաքննությունը շարունակվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի վարույթում։
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ 2014 թվականի սեպտեմբերին հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով։
Հետախուզվողը 2016 թվականի դեկտեմբերի 22-ին ինքնակամ ներկայացել է Վաղարշապատի քննչական բաժին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: