Սպանություն Հրազդանում. հարուցվել է քրեական գործ
ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Հրազդան քաղաքում 66-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով՝ 2019թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել է Հրազդան քաղաքի բնակիչ, 1953 թվականին ծնված Լևոն Չուլջյանի վրա և մարմնական վնասվածքներ պատճառել. վերջինս ստացած մարմնական վնասվածքներից, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
Արդյունքում` փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 66-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել է շենքի մուտքում. ենթադրյալ հանցագործություն կատարած անձը սուր կտրող-ծակող գործիքի մի քանի հարված է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, ինչի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից նա մահացել է:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: