Լրահոս
23.01.19, 06:42

Սուրենավան գյուղի բնակիչը կրակահերթ է արձակել համագյուղացիների ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ

Սուրենավան գյուղի բնակիչը կրակահերթ է արձակել համագյուղացիների ուղղությամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի պահվող զենքի գործադրմամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Նախնական տվյալներով՝ 2019թ. հունվարի 22-ին՝ ժամը 17.30-ին, Սուրենավան գյուղի բնակիչը ՀՀ ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15.30-ի սահմաններում, համագյուղացին «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգով  կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի երեք բնակիչների ուղղությամբ:

Դեպքի առթիվ  22.01.2019թ. Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Սուրենավան գյուղի՝ 1997 թվականին ծնված բնակիչն իր ոչխարները համագյուղացուն պատկանող հողակտորում արածեցնելու և այդ կերպ հասցված նյութական վնասը փոխհատուցելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել Սուրենավան գյուղի 1972, 1984 և 1987 թվականների ծնված բնակիչների ուղղությամբ: Վերջիններս ճանաչվել են տուժող:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգի՝ թվով 4 հատ  պարկուճ, երկու տարբեր հատվածներում հայտնաբերվել են արնանման հետքեր: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև առերևույթ հանցագործություն կատարած անձին պատկանող  «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենան:

Նշանակվել է դատաբժշկական, դատակենսաբանական փորձաքննություններ, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: