Լրահոս
05.11.21, 13:23

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները, որի առթիվ համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ. սեպտեմբերի 9-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, կազմակերպության մի շարք աշխատակիցների հետ նախնական համա­ձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարման գործընթաց. հատկապես որոշ ուսանողների կողմից ուսումնական և քննական  պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշումներ չկատարելով, ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝  իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար: Ավելին, քննական շրջանը բարեհաջող ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով, ավարտին հասցնելով իր հանցավոր մտադրությունը՝ այդ ուսանողներին ուսման բնականոն ժամկետում տրամադրել է դիպլոմներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: