Լրահոս
15.06.22, 11:37

Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ

Տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 27-ամյա երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված բազմակողմանի քննության արդյունքում բացահայտվել է տարադրամի փոխանակման կետի աշխատակցի նկատմամբ ավազակություն կատարելու դեպքը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2022թ. հունիսի 12֊ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, դիմակավորված անձը, նռնակով զինված, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու դիտավորությամբ, մուտք էր գործել առևտրի կենտրոնում գործող տարադրամի փոխանակման կետ, քաշել նռնակի օղակը, աշխատակցի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել տարադրամի փոխանակման կետում առկա 4.400.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի 27-ամյա բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է՝ հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: