Տեղի ունեցավ ՀՀ քննչական կոմիտեի 5-ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստը (լուսանկարներ)
Այսօր տեղի է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի 5 ամյակի հոբելյանական հանդիսավոր նիստ՝ որին մասնակցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը, Կառավարության անդամներ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՀՀ Վարչապետը Քննչական կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական տոնի առթիվ, մաղթել տոկունություն իրենց աշխատանքում և հաջողություններ՝ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում:
«Շնորհավորում եմ բոլորիս ՔԿ աշխատողի օրվա կապակցությամբ: Ուզում եմ արձանագրել, որ այս դահլիճում ամեն անգամ, երբ տեղի է ունենում խոսակցություն, տոնական կամ աշխատանքային առիթներով, ի վերջո այդ ողջ խոսակցության ենթատեքստը, համատեքստը, բովանդակությունը կապվում է արդարության հետ, արդարադատության հետ, որը չափազանց կարևոր է մեր երկրի համար: Ընդհանրապես երբ մենք վերլուծում ենք Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղ գտած երևի ամենացավալի երևույթը, այն է` արտագաղթը, շատ լուրջ վերլուծություններ կան, որ արտագաղթը չի կապվում ուղղակի սոցիալական իրավիճակի հետ: Եվ ես համաձայն եմ այդ վերլուծության հետ, որ շատ դեպքերում մարդիկ սեփական հայրենիքից հեռանում են ոչ միայն և ոչ այնքան սոցիալական դժվարությունների պատճառով, որքան անարդարության մթնոլորտի պատճառով, որքան այն պատճառով, որ իրենք իրենց սեփական հայրենիքում պաշտպանված չեն զգում ոչ միայն ֆիզիկապես, այլև` իրավունքի տեսակետից, այլև` արժանապատվության տեսակետից, այլև` ընդհանրապես քաղաքացիական համակեցության կանոնների` իրենց հասանելիության տեսակետից: Եվ ես կարծում եմ` ՀՀ ՔԿ-ն և, ընդհանրապես, իրավապահ մարմինները հիմնական առաքելություն ունեն՝ երկրում հաստատել, պահպանել և վստահություն ներշնչել արդարության նկատմամբ, արդարության զգացում և մթնոլորտ հաստատել:
Եվ այս կապակցությամբ կարծում եմ, որ Քննչական կոմիտեի աշխատանքի համատեքստում այդ արդարության զգացումը պետք է հիմնված լինի երեք հավատների վրա:
Առաջինը՝ քննիչների, ղեկավար կազմի անկեղծ հավատն է՝ օրինականության, օրենքի գերակայության և արդարության սկզբունքների նկատմամբ, որովհետև եթե քննիչը և Քննչական կոմիտեն ընդհանուր առմամբ անկեղծորեն հավատացած և նվիրված չլինի այս արժեքներին, օրենքի և օրինականության մասին խոսակցությունները իմաստ չեն ունենա:
Երկրորդ հավատը յուրաքանչյուր քննիչի հավատն է սեփական առաքելության նկատմամբ, երբ քննիչի աշխատանքը ոչ թե ուղակի զբաղմունք է, այլ՝ առաքելություն, և դա երկրում, Հայաստանում և, ընդհանրապես, աշխարհում, արդարություն հաստատելու առաքելությամբ առաջ շարժվելու ընդունակությունն է:
Եվ երրորդ հավատը՝ ՀՀ քաղաքացիների հավատն է` ընդհանրապես իրավապահ մարմինների նկատմամբ, և, մասնավորապես, քննչական կոմիտեի, նրա յուրաքանչյուր քննիչի, նրա ղեկավարության և, ընդհանրապես, այդ մարմնի գործունեության նկատմամբ: Եվ ես այսօր` տոնական այս օրը, ուզում եմ հենց Քննչական կոմիտեին, նրա բոլոր աշխատողներին մաղթել, որ ամեն օրվա հետ ավելի ու ավելի համակվեն այս երեք հավատներով, իրենք իրենց մեջ կարողանան պահպանել, ամրացնել, ստեղծել այդ հավատը և ՀՀ քաղաքացիներին հավատ ներշնչել իրենց գործունեության և իրենց առաքելության նկատմամբ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետն իր խոսքում ընդգծեց, որ քննարկվում են մի շարք ծրագրեր՝ Քննչական կոմիտեի ծառայողների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար:
«Կրկին ուզում եմ շնորհավորել ձեզ բոլորիդ՝ այս մասնագիտական տոնի առիթով, և ուզում եմ մաղթել ձեզ արդյունավետ աշխատանք, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև ձեր ընտանիքների անդամներին, ովքեր հանդուրժում են ձեր ծանրաբեռնված, երբեմն շուրջօրյա աշխատանքը: Եթե մենք այս ծանրաբեռնված աշխատանքը կարողանանք տանել մինչև վերջ, այդ աշխատանքի մեջ լինենք սկզբունքային և արդարության, օրինականության, օրենքի գերակայության սկզբունքներին հավատարիմ, անպայման այդ աշխատանքը ետ է վերադառնալու շատ կոնկրետ արդյունքով, և այդ արդյունքը ազատ, երջանիկ և հզոր այն հայրենիքն է, որում ապրելու են մեր և ձեր սերունդները: Սա ամենամեծ առաքելությունն է, որին կարելի է ծառայել: Ես ձեզ մաղթում եմ մեծ ուժ, եռանդ և մաղթում եմ, որ երբեք չհոգնեք հայրենիքին և ժողովրդին ծառայելուց»,- իր խոսքը եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հանդիսավոր նիստի ժամանակ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն իր ելույթում ներկայացրել է Քննչական կոմիտեի հնգամյա գործունեության թվային ցուցանիշները, մինչդատական վարույթի որակն ու արդյունավետությունը բարձրացնելու, երկրում արդարադատության իրականացմանն աջակցելու ուղղությամբ կատարված քայլերը:
«Անցած հինգ տարիներին Քննչական կոմիտեում քննվել է 112.640 քրեական գործ։ 2019թ. միայն ութ ամիսներին քննվել է 23.686 քրեական գործ, ինչը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների քննված քրեական գործերի քանակը, օրինակ՝ 2017թ.ամբողջ տարվա ընթացքում քննվել է 20.057 գործ, որը կազմում է 2019թ․ ութ ամիսներին քննված քրեական գործերի 84,6 %-ը, 2017թ. մեկ քննիչի ծանրաբեռնվածությունը կազմել է 44,7 գործ, իսկ 2019թ. ութ ամիսներին՝ արդեն 50,6 գործ՝ չհաշված վարույթում նախապատրաստվող նյութերը: Քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությունը մեղմելու նպատակով ձեռնարկվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ հանձնարարվել է նախաքննություն իրականացնել ղեկավար ծառայողներին, վերահսկողական, քրեագիտական, միջազգային համագործակցությունն ապահովող քննիչներին»,- ասաց ՔԿ նախագահը:
Հայկ Գրիգորյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությունը մեղմելու համար Կոմիտեին քննիչի լրացուցիչ 50 հաստիք տրամադրելու համար:
«2018-2019թթ. քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածության վերաբերյալ զեկույցս ներկայացնելուց հետո՝ ընդամենը մեկ շաբաթ անց, հանձնարարեցիք Կոմիտեն համալրել վարույթ իրականացնող քննիչների լրացուցիչ 50 հաստիքներով, ինչի համար Կոմիտեի ողջ անձնակազմի անունից խորին շնորհակալությունս եմ հայտնում:
Ձեր կողմից Կոմիտեի առջև խնդիր է դրվել արդյունավետ պայքար կազմակերպել կոռուպցիայի դեմ, պարզել կոռուպցիոն սխեմաները, բացահայտել նախկինում կատարված ծանր հանցագործությունները և պետական բյուջե վերադարձնել ժողովրդից հափշտակված գումարները, ուղղակի չեզոքացնել հասարակությունում տարիներ շարունակ նստվածք տված և հանրության կողմից չընդունված հանցավոր մշակույթն ու բարքերը:
Այդ պահանջները լավագույնս կատարելու համար մենք ձեռնարկել ենք մի շարք միջոցառումներ, կրկնապատկել ենք մեր եռանդն ու ջանքերը՝ նախորդ տարիներին կատարված ծանր հանցագործությունները բացահայտելու և պետությանը պատճառված նյութական վնասը մինչև վերջին լուման բյուջե վերադարձնելու համար: Այդ կապակցությամբ ընդամենը նշեմ, որ վերջին մեկ տարվա ընթացքում Քննչական կոմիտեի կողմից բացահայտվել են նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչապետի, մի շարք նախարարների, փոխնախարարների, մարզպետների, փոխմարզպետների, կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարների, վարչության պետերի, տեղակալների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների՝ քաղաքապետերի, համայնքի ղեկավարների կողմից կատարված հանցագործությունները, որոնց վերաբերյալ քրեական գործերի մի մասն ըստ քննչական ենթակայության ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն, իսկ մյուսներով նախաքննությունը շարունակվում է Կոմիտեում»,- իր ելույթում ասաց ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:
Հանդիսավոր նիստին ելույթով հանդես եկան նաև Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը, Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը:
Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ռաֆայել Վարդանյանը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովհաննես Համբարյանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ հոկտեմբերի 8-ի հրամանագրով իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Պողոսյանը, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Այվազյանը և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արտակ Կրկյաշարյանը: