Տեղի ունեցավ քննիչի թեկնածուների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցավ քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված Արդարադատության ակադեմիայի 36 շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, ՀՀ ՔԿ կոլեգիայի անդամներ:
Քննիչի թեկնածուները երդվեցին հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգն ու անվտանգությունը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները:
Դիպլոմների հետ միասին քննիչի թեկնածուներից 16-ը ստացան նաև ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու մասին ՀՀ ՔԿ նախագահի հրամանները: Սպասվում է քննչի 2 թեկնածուի նշանակում ևս, իսկ Արդարադատության ակադեմիայի 18 քննիչի թեկնածուները կգրանցվեն Քննչական կոմիտեի կադրային ռեզերվում:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հորդորեց աշխատանքին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և ընտրել անընդհատ ինքնակրթվելու և կատարելագործվելու ճանապարհը:
«Քննիչ աշխատելու համար դիպլոմավորված մասնագետ լինելը, իրավական գիտելիքներ ունենալը դեռ բավարար չէ: Քննիչի կողմից իր գործառույթները պատշաճ իրականացնելու համար նա պետք է օժտված լինի մի շարք բարոյահոգեբանական բարձր հատկանիշներով և ունենա պարբերաբար ինքնակրթվելու ցանկություն»,- ընդգծեց Հայկ Գրիգորյանը:
ՔԿ Նախագահը տեղեկացրեց, որ գալիք տարվանից սկսած քննիչների գիտելիքների ստուգման համար տարին մեկ անգամ կանցկացվեն շատ խիստ ստուգարքներ և այն չհաղթահարողները, պաշտոնի անհամապատասխանաության հիմքով, կազատվեն աշխատանքից: Թափուր հաստիքները կհամալրեն կադրային ռեզերվում գտնվող անձինք:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և համոզմունք հայտնեց, որ ակադեմիայի շրջանավարտները պատրաստ են պատվով իրականացնել իրենց առաքելությունը և արդարացնել բոլորի սպասումները:
Սերգեյ Առաքելյանը, դիմելով քննիչներին, հայտնեց, որ ի դեմս Արդարադատության ակադեմիայի՝ ունեն գործընկեր, որը միշտ պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օժանդակել քննիչներին իրենց գործունեության ընթացքում:
Արդարադատության ակադեմիայում 2018թ. քննիչների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումն իրականացվել է երկու խմբով: Առաջին խմբում ընդգրկված թեկնածուներից 21-ն իրենց դիպլոմներն ստացել են սույն թվականի սեպտեմբերի 28-ին: