Լրահոս
25.10.23, 17:13

«Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի իրացման ևս մեկ վարույթ, 2 անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է դատարան

«Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի ապօրինի իրացման ևս մեկ վարույթ, 2 անձի վերաբերյալ մեղադրանքով, ուղարկվել է դատարան

 

Ավարտվել է մի շարք անձանց ներգրավմամբ «Տելեգրամ» սոցիալական կայքի միջոցով իրացման նպատակով թմրամիջոցի ապօրինի շրջանառության, դրանից ստացված փողերի լվացման, ինչպես նաև թրմանյութերի առուվաճառքով զբաղվող մեկ անձի կողմից ապօրինի զինամթերք ձեռք բերելու, պահելու դեպքերի վերաբերյալ  քրեական վարույթի նախաքննությունը՝  ևս 2 մեղադրյալի մասով:

ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ Երևանի 32-ամյա բնակիչ Տ.Մ.-ն  թմրանյութերի իրացումից շահույթ ստանալու, «Տելեգրամ» հավելվածի միջոցով արդյունավետ վաճառք կազմակերպելու նպատակով՝  կազմել է հանցավոր խումբ, որի մեջ ներգրավվել է ընկերոջն ու քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց:

Խմբի անդամների միջև կատարվել է  համապատասխան դերաբաշխում: Մասնավորապես՝   32-ամյա Տ.Մ.-ն Իրանի Իսլամական Հանրապետության 24-ամյա հայազգի քաղաքացուց ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի, իսկ ինքնությունները չպարզված անձանցից՝  «Մարիխուանա» և «Էքստզի» տեսակի թմրամիջոցներ, դրանք բաժանել մասերի, կշռել, առանձնացված տարբեր փաթեթներով տեղադրել թաքստոցում, որի կորդինատները ուղարկել է տելեգրամյան մի էջի օգտատիրոջ:

Վերջինիս կողմից ուղարկված անձինք թմրանյութերի փաթեթները տեղադրել են Երևանի տարբեր հատվածներում, և դրանց կորդինատները համապատասխան լուսանկարների հետ ուղարկել Տ.Մ.-ի ու նրա ընկերոջ տելեգրամյան էջերերին։

Հիշյալ 2 կայքէջերի գովազդով զբաղվել է Տ.Մ.-ի ընկերը, ով գնորդներին է ուղարկել թմրանյութերի գտնվելու պահոցների լուսանկարները, և նշված գործողությունների կատարման համար Տ.Մ.-ից ստացել նախապես խոստացված գումար:

Այնուհետև, թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու, այսինքն՝ «փողերի լվացման» նպատակով՝ գումարի մի մասը թմրանյութերի իրացման հաճախորդներից Տ.Մ.-ին փոխանցվել է արդեն իսկ կրիպտոաժույթի փոխակերպված վիճակում՝ նրան պատկանող կրիպտոարժույթի էլետրոնային  թվով  10 հաշվեհամարներին:

Վերջինս էլ կրիպտոարժույթի փոխանակում իրականացնող անձանց միջոցով կրիպտոարժույթը փոխակերպել է դրամի և իր հաշվեհամարին ստացել այդ գումարները:

Իրանի 24-ամյա քաղաքացին ապօրինի ձեռք բերած «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը Տ.Մ.-ին իրացնելու դիմաց ստացել է գումարներ՝ ընկերոջ բանկային քարտին կատարված փոխանցման միջոցով։

34-ամյա տղամարդու անձնական, ինչպես նաև մեքենայի, վարձակալած ավտոտնակի խուզարկություններով հայտանբերվել են հետագա իրացման համար նախատեսված, տասնյակ փաթեթներում զետեղված և փաթեթավորված առանձնապես խոշոր չափերի «Մեթանֆետամին», «Մաիխուանա», ինչպես նաև` «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, «Մեթամֆետամին» տեսակի թմրանյութերի հետքեր պարունակով 2 էլեկտրական կշեռք, կշռաքարեր, 162 հատ սև գույնի ռետինանման առարկաներ, 30 հատ ապակյա սրվակներ,  կպչուն ժապավեններ, պլաստմասե տարաներ, շուրջ 600 զիպ  փաթեթներ, ինչպես նաև՝ այլ առարկաներ և իրեր։ Տ.Մ-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նաև վերջինիս կողմից ապօրինի կերպով ձեռք բերված գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի փամփուշտներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 34-ամյա Տ.Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 335-րդ և 296-րդ հոդվածների 1-ին մասերով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Իրանի քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է ընտրվել կալանքը, որը դատարանի որոշմամբ հետագայում փոխարինվել է գրավով՝ 5,000,000 ՀՀ դրամի չափով։

Նշված անձանց մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակցությամբ ուղարկվել են դատարան:

Ավելի վաղ՝ առանձնացված մասով դատարան են ուղարկվել Տ.Մ.-ի ընկերոջ վերաբերյալ վարույթի նյութերը: Վերջինս մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննության փուլում գտնվող վարույթով ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները՝ միջոցառումներ թմրամիջոցների ապօրինի շրջանառութամբ զբաղվող խմբի բոլոր անդամների ինքնությունները պարզելու, թմրանյութերի, ինչպես նաև հայտնաբերված՝ ապօրինի պահվող զինամթերքի ձեռքբերման աղբյուրները պարզելու ուղղությամբ: 

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: