Տղամարդը ձերբակալվել է համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Կաթնաղբյուր բնակավայրի 22-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ըստ նախնական տեղեկությունների 2022թ. հունվարի 2-ին՝ ժամը 02:55-ին, Ստեփանավանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Ձախ գոտկատեղի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց է դիմել 22-ամյա երիտասարդ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, նույն օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Կաթնաղբյուր բնակավայրի մոտակայքում գտնվող «Լուսաղբյուր» կոչվող տեղանքում, ավտոմեքենայի հեռահար լույսերը միացված վիճակում ճանապարհին կանգնելու շուրջ վիճաբանություն և քաշքշուկ է առաջացել բնակավայրի մի խումբ բնակիչների միջև, որի ընթացքում 34-ամյա տղամարդը դանակով մեկ անգամ հարվածել է 22-ամյա երիտասարդի կրծքավանդակին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, հանցագործության գործիք դանակը, վերցվել են արյան նմուշներ, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով 34-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: