Թալին համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Թալին համայնքի նախկին ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելով պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, 2012թ. օգոստոսից մինչև 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, առանց լիազոր մարմնի համաձայնության, նախ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, որում կեղծ տեղեկություններ է ներառել՝ համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի վերաբերյալ, այնուհետև կազմակերպել և իրականացրել է դրանց օտարումը:
Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թեև Թալին համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 1-ի որոշմամբ նշվել է, որ հողամասերը վաճառվելու են համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, սակայն համայնքի ղեկավարը, խախտելով վերոգրյալ իրավական ակտերի և ավագանու նշված որոշման պահանջները, 2018թ. փետրվարին և 2020թ. հունվարին կազմել է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի վերաբերյալ կեղծ որոշումներ՝ նշելով, որ խնդրո առարկա հողամասերը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքով սահմանված սահմանափակումների ցանկում:
Այնուհետև իրականում օտարման համար ոչ ենթակա, ընդհանուր օգտագործման կանաչ տարածք, համայնքային սեփականություն հանդիսացող 0.0532 և 0,0201հա հողամասերը օտարվել են, ինչի արդյունքում համայնքը զրկվել է նշված տարածքներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու և հանրության շահերին ծառայեցնելու հնարավորությունից՝ համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Թալին համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ձեր իրավունքները խախտվել են դատավարությունը վարող մարմնի կողմից
Եթե ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից ոտնահարվել են Ձեր իրավունքները, կամ Դուք տեղյակ եք այլ անձանց իրավունքների ոտնահարման դեպքերի մասին, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
Քննչական կոմիտեի հարգելի΄ ծառայողներ,
Եթե Ձեր ղեկավարների ու գործընկերների կողմից խախտվում են Ձեր կամ ծառայակիցների իրավունքները, եթե Ձեզ տրվում են օրենքին հակասող ցուցումներ կամ հանձնարարություններ, խնդրում ենք այդ մասին իրազեկել ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությանը` էլեկտրոնային հասցեով:
*Դիմումատուների և տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է: